Սպասումը եւ սերը
ԾԵՐԱՆՈՑՈՒՄ
Հայաստանում 420 հազար կենսաթոշակային տարիքի մարդ է ապրում, նրանցից գրեթե 50 հազարը միայնակ են։ «Մեդիալաբի» «Օրագիր՝ տարեցներ» նախագիծը բացելու է փակագծերը, ներկայացնելու է նրանց առօրյան, պատմելու է տարեցների խնդիրների ու երազանքների, զգացմունքների ու սպասումների մասին։ Նախագծի առաջին պատումը Նորքի տուն-ինտերնատից է։
Լիգիա Խաչատրյան
Լիգիա Խաչատրյանի սենյակը բաժանված է երկու մասի՝ իր և ամուսնու, կոմունիզմի և ազգայնականության, աթեիզմի և քրիստոնեության:

Տարբեր են ամեն ինչով՝ քաղաքական, կրոնական հայացքներով, կյանքի նկատմամբ ընկալումներով, տարիքով, բայց այդ ամենը պայմանականություններ են սիրո առաջ: Հանուն սիրո տիկին Լիգիան անգամ պատրաստ է կրել Մարիամ Աստվածածնի սրբապատկերով վզնոցը, որ ամուսինն է նվիրել:

Այսքան տարբեր այս երկու մարդիկ իրար հանդիպել են 5 տարի առաջ ու միասին տեղափոխվել ծերանոց՝ նոր կյանք սկսելու:
77-ամյա Լիգիան անգամ ցերեկային քնի ժամանակ չունի. օրը սկսում է իր, ապա սենյակի հարդարմամբ, ամուսնու մասին հոգ տանելով: Ամեն առավոտ խնամքով սրբում է Լենինի, Ստալինի և հոր լուսանկարների փոշին, այն հայրական ընտանիքից պահպանված միակ իրն է՝ հուշը:

Լիգիան ընդհանուր ճաշարանից չի օգտվում, սննդի մեջ քմահաճ է, սիրում է միայն իր պատրաստածը: Դրա համար ևս պայմաններ են ստեղծել. փոքր սենյակի մի անկյունում սառնարան և փոքրիկ էլեկտրական սալօջախ ունի:

Օրվա երկրորդ կեսից կյանքը եռում է. թատերական խմբակի փորձեր, կոմունիստական կուսակցության հավաքներ, ճառեր, ելույթներ: Ընդհանրապես, Լիգիան գոհ է կյանքից, միայն ոտքերն են սկսել ավելի հաճախ ցավել:
Տուն-ինտերնատներում մարդիկ հայտնվում են տարբեր պատճառներով։ Ոմանք միայնակ են, ոմանք՝ ունեն զավակներ և այլ բարեկամներ, սակայն բոլորն են պնդում՝ իրենց չեն լքել, այստեղ են, քանի որ այդպես են որոշել:
Հայաստանում կա 11 տուն-ինտերնատ՝ ծերանոց, 5-ը պետական են: 3-ն ընդհանուր տիպի են, մյուս 2-ը՝ մասնագիտացված, որտեղ բնակվում են մտավոր և հոգեկան առողջության խնդիր ունեցող տարեցներ:

Պետական տուն-ինտերնատներում այսօր բնակվում է 1210 մարդ: Նրանց խնամքի համար 2019-ին հատկացվել է 2 մլրդ 149 մլն դրամ: Յուրաքանչյուր տարեցի հաշվով գումարն օրական կազմում է շուրջ 3800 դրամ՝ ընդհանուր տիպի և 5900 դրամ՝ մասնագիտացված հաստատություններում։1200 դրամը սննդի համար է:
Տարեցները հաճախ երկրորդ կյանք են սկսում ծերանոցում, նոր ընտանիք կազմում: Ամուսնությունները ոչ միայն հաճախ պատահող, այլև մեծ շուքով նշվող իրադարձություններ են։ Դրա համար ստեղծվում են բոլոր պայմանները. հյուրասիրությունը սովորաբար կազմակերպում է տուն-ինտերնատի տնօրինությունը, պատրաստությունը տեսնում են տարեցների օգնությամբ։ Իսկ երգն ու պարն ապահովում են հարևանները, հանդիսավարը ևս նրանցից մեկն է:
Նանուլի եւ Խորեն Կարախանյաններ
Խորեն Կարախանյանը լավ է հիշում 50 տարի առաջվա ջավախքյան սարսափելի ձմեռը: Նոր տարուն ընդամենը մի քանի օր էր մնացել, գնացել էր հարևան քաղաք՝ աղջիկ ուզելու, երբ կանգառում պատահաբար տեսավ Նանուլիին ու հասկացավ՝ հենց նրա հետ կապրի ողջ կյանքը:

Նանուլին Խորենին տեսել էր միայն մեկ անգամ ու սիրահարվել ձախ այտի խալին: Մայրը դեմ էր ամուսնությանը․ հոր բացակայության ընթացքում չէր կարող միայնակ որոշում կայացնել: Բայց ջահելներն արդեն որոշել էին։ Փոքրիկ երկտողով Նանուլին հորը տեղյակ պահեց, որ դեմ է գնացել մոր որոշմանը, ու մեկնեց այլ քաղաք՝ հարսնության: Ամուսիններն այսօրվա նման հիշում են իրենց «փախուստը»՝ Վիլիսով:
Նանուլին ու Խորենը 50 տարվա մեջ շատ բան են տեսել՝ լիություն, ազատություն, դժվարություններ, կյանքն ավելի շատ ուրախ, քան տխուր է եղել:

Տուն-ինտերնատ տեղափոխվելու որոշումը Խորենինն էր: Երբ աչքի լույսը վերջնականապես խամրեց, տեղափոխվեց ինտերնատ, իսկ կինը՝ մոտակայքում վարձով բնակվելու: Իրարից բաժան ապրելու այդ կարճ շրջանը Խորենի համար ամենաբարդն էր կյանքում: Ասում է՝ առանց կնոջ ինքը կյանք չունի: Կարճ ժամանակ անց Նանուլին տեղափոխվեց ամուսնու մոտ:

Խորենը ցավում է, որ զավակներ չունեն, բայց երբեք իր Նանուլին դրա համար չի կշտամբել: Մինչ օրս էլ համոզված է՝ արժեր 50 տարի առաջ սիրելիի տուն հասնելու համար պայքարել գազազած շան դեմ ու հակառակ գնալ զոքանչի կամքին: Վստահ է՝ եթե զավակներ ունենային, երբեք ծերանոցում չէին հայտնվի:
Տուն-ինտերնատներում, սակայն, հիմնականում հայտնվում են մարդիկ, որոնք ժառանգներ ունեն, ոմանք անգամ 6, անգամ՝ 8 երեխա։ Նորքի տուն-ինտերնատի 226 բնակիչներից 145-ը զավակներ ունեն, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի 237 խնամյալներից՝ 143-ը։ Գյումրու տուն-ինտերնատի 153 բնակիչներից անժառանգ են 94-ը:
Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանն ասում է, որ զավակները երբեմն այցելում են ծնողներին, կան դեպքեր, երբ հանգստյան օրերին տարեցները գնում են զավակների տուն: Բայց առավել հաճախ նրանք տուն-ինտերնատներում հայտնվում են ծնողների՝ թոշակ ստանալու օրը: Մելքոնյանի խոսքով՝ երբեմն զավակներին առաջին և վերջին անգամ տեսնում են ծնողներին ինտերնատ բերելիս:
Ջուլիա Շիրակյան
Գիտաշխատող՝ ֆիզիկոս, մաթեմատիկոս Ջուլիա Շիրակյանի կյանքը կտրուկ փոխվել է Խորհրդային Միության փլուզումից հետո: 1990-ականների սկզբին, երբ փակվեց գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ աշխատում էր, ստիպված էր տանը կրկնուսույց աշխատելով գումար վաստակել: Մոր, ապա նաև՝ ամուսնու հիվանդությունն ու մահը խեղճացրին Ջուլիային:

Տուն-ինտերնատում Ջուլիան գտավ այն, ինչ փնտրում էր՝ հանգստություն: Երեք տարի առաջ ընկերացավ նոր սենյակակցի հետ: Այսօր արդեն այդ ընկերությունը նախանձելի է, տարեց ընկերուհիները կիսում են առօրյան, հոգսերը, հոգ տանում միմյանց մասին հիվանդ ժամանակ:
Նախկին գիտաշխատողը հայտնի է իր բանաստեղծություններով: Եթե առաջ միայն ռուսերեն էր ստեղծագործում, վերջերս նաև հայերեն պոեմ է գրել: Սոցիալական աշխատող Մարիամի հետ մեկ անգամ արդեն խմբագրել են տեքստը, բայց շտկումների տեղ դեռ կա: Իր ձեռագրերը դժվարությամբ է կարդում. տեսողությունը չափազանց վատ է: Նա հետաքրքրվել է՝ Գերմանիայում կարողանում են վիրահատել իր հիվանդության անգամ ամենաբարդ տեսակները: Այսօր միայն մեկ երազանք ունի՝ գնալ Գերմանիա՝ աչքերը բուժելու:

Ինչպես Ջուլիան, ինտերնատի բնակիչներն իրենց սենյակն իրենց տունն են համարում: «Անկյունն իմն է ընդմիշտ, ուրեմն՝ տուն է»,- ասում է նա:
Որպես կանոն՝ տուն-ինտերնատների սենյակներն ընդմիշտ են, դրանց բնակիչների 98 տոկոսը երբեք ընտանիք չի վերադառնում: Մասնագիտացված տուն-ինտերնատներում այս ցուցանիշը 100 տոկոս է։ Տարեցները միայնակ են մնում անգամ մահվան մահճում: Վերջին հինգ տարիներին ընդհանուր տիպի 3 տուն-ինտերնատներում մահացել և պետական միջոցներով թաղվել է 183 մարդ:
Լրագրող՝ Սոնա Մարտիրոսյան
Ֆոտոլրագրող՝ Կարապետ Սահակյան
Օպերատոր՝ Արմեն Շահոյան
Մոնտաժը՝ Լիլիթ Հովհաննիսյանի
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website