Մի քիչ սեր ու բարություն ամեն օր
Սվետա Խաչատրյանը՝ տարբեր ճակատագրերի
ու ժամանակների միջեւ
Փոքրամարմին կինն, ամեն ձեռքին մի քանի տոպրակ, արագ-արագ քայլում է
Երեւանի կենտրոնի փողոցներում. օրական մի քանի տուն պիտի մտնի, հավաքի, եփի,
լվանա, լողացնի՝ իր շահառու տատիկներին։
67-ամյա Սվետա Խաչատրյանն արդեն 25 տարի «Տարեցների տնային խնամք» ծառայությունն է մատուցում Երեւանում։ Մինչ այդ 19 տարի «Մերգելյան գիտահետազոտական ինստիտուտում» ինժեներ է աշխատել։

«Նալադկայում էի, պատրաստի հաշվիչ մեքենա էր՝ սրտի նման աշխատող։ Ուշադիր պիտի լինեի, համարյա սիրտ էի աշխատացնում»։
Ինստիտուտի փակվելուց հետո՝ 1990-ականներին, շատ դժվար էր. լույս չկար, խանութներում գրեթե ապրանք չկար, Սվետան երկու երեխա էր մեծացնում։ 1995-ին միացավ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության հիմնադիր Հռիփսիմե Կիրակոսյանին․
«Ամեն օր ինքս ինձ ասում էի՝ ինչ գործ էլ լինի, կընտելանամ ու կաշխատեմ։ Հիմա՝ տարիներ անց, շատ եմ հավանում իմ աշխատանքը։ Մարդուն օգնելն ինձ համար գերագույն հաճույք է»։
Հայաստանում, 2019-ի վերջի տվյալներով, տնային խնամք է ստանում՝

- պետական աջակցությամբ` 1350 տարեց,
- շահառուների մասնավոր պատվերով` 1748 մարդ` հիմնականում տարեց։


Ծառայությունն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը։

Պերճուհի

Ամեն երկուշաբթի, չորեքշաբթի ու հինգշաբթի՝ առավոտյան, Սվետան այցելում է 99-ամյա Պերճուհուն։

Պետության կողմից տրամադրվող անվճար ծառայությունից զատ, Պերճուհին իր թոշակից վճարում է, որ Սվետան շաբաթվա մեջ երկու օր
ավելի իրեն օգնի։

Պերճուհին ծնվել է Խորհրդային Հայաստանի կազմավորման առաջին տարիներին։ Ասում է՝ ընտանեկան դժբախտություններով լի մանկություն ու պատանեկություն է ունեցել։
«Սարսափելի բաներ եմ տեսել։ 10 տարեկան եմ եղել, մայրս հրդեհի ժամանակ այրվել է։ Դպրոցում սովորել եմ շատ լավ, գերազանց ավարտել, այդ օրերին՝
37 թիվն էր, հորս բռնել են։ Տպարանում էր աշխատում․․․
Տարիներ անց իմացա, որ ձերբակալությունից երեք ամիս հետո, առանց դատ ու դատաստանի, գնդակահարել են»։
Պերճուհին կորցրել է տեսողությունը․ «Մամայիս շատ լավ եմ հիշում, տատիկիս էլ եմ շատ լավ հիշում, աչքիս առաջ են հիմա էլ»։ Դժվար է տեղաշարժվում, ինչի պատճառով էլ Սվետայի օգնության կարիքն ավելի շատ է զգում։ «Մի ժամանակ կաբլուկներով կտկտացնելով ման էի գալիս, հիմա դռնից կախված ինձ հյուրասենյակից խոհանոց եմ քարշ տալիս»,- հանդարտ ձայնով ասում է նա։
«Տնային խնամք» ծառայությունից օգտվել Պերճուհուն խորհուրդ է տվել ընկերուհին․
«Սվետան էլ ինձ համար ընկեր է, կարողանում ենք խոսակցության նյութ գտնել։
Ինձ խնամում է, ինչպես աղջիկը կխնամեր մորը, նույնիսկ հիմա, որ խոսում եմ, հուզվում եմ․․․»
Սվետան Պերճուհու բնակարան մտնելուն պես՝ տանը ծանոթ տնտեսուհուն հարիր արագությամբ ու վարպետությամբ մաքրում ու հարդարում է սենյակը, խոհանոցը, նախաճաշ է պատրաստում, ճաշ։ Պերճուհուն օգնում է հագնվել։ Սվետան շատ չի խոսում, գործ է անում, Պերճուհին, հակառակը, պատմում է։










«Համով ճաշեր է եփում։ Ամեն ինչն իր ձեռքին է։ Ջուրս տաքացնում է, դեղերս խմացնում, առեւտուրս անում է։ Այնքան ջիգյարով է, նույնիսկ լողացնում է ինձ»։

Սվետան էլ, ի պատասխան, Պերճուհու մասին է պատմում․ «Ասեք թող պատմի՝
ինչ լիարժեք, հետաքրքիր կյանքով է ապրել, ամուսնու հետ որքան է ճամփորդել»։
Սվետայի շահառուն տեղի է տալիս․ «Ամուսին եմ ունեցել շատ լավ, հիանալի մարդ էր։ Մարդու կյանքն այդպես է, մեկ լավ է լինում, մեկ՝ վատ»:
Պերճուհին հիմնականում տեղաշարժվում է, երբ Սվետան է տանը լինում, կամ քրոջ աղջիկը։ Սվետան սովորաբար ամեն ինչ պատրաստում է նրա համար, որ իր բացակայության ժամանակ ամեն բան ձեռքի տակ ունենա։ Երբ գործերից հետո ժամանակ է մնում, Սվետան նստում է Պերճուհու հետ՝ զրուցում են մի քիչ, երգում։





«Միակ բանը, որ մնացել է, հիշողությունս է, 100 տարվա հիշողությունս։ Մեկ-մեկ շատ խնդրում եմ, Սվետա ջան, կամաց ինձ համար երգիր, շատ հաճելի է…» - ասում է Պերճուհին։

«Շատ շահառու ունեմ 90-ն անց՝ 94, 98, 99 տարեկան։ Մինչեւ 80 տարեկանները քիչ են։ Ամսական սպասարկում եմ մինչեւ 18-19 հոգու»,- Պերճուհու տանից դուրս գալով՝ ասում է Սվետան ու վերհիշում իր հանրահայտ շահառուներին։
«Անժելա Շահնաբաթյանին, Դավիթ Պողոսյանին՝ «Սայաթ Նովա» ֆիլմում Աշուղ Ֆաթուլայի դերն էր խաղում, ասմունքող Թամարա Դեմուրյանին՝ կուրացել էր։ Երգչուհի Ռոզա Վարդանյանին պահեցի քանի տարի, ինձ մոտ էլ մահացավ, «Առաքելություն Հայաստանի» երգչախմբի անդամ էր»։

Ասում է՝ տարիներ առաջ շահառուներին ավելի հեշտ էր բավարարել. կյանքը որքան լավացել է, մարդիկ ավելի դժգոհող ու պահանջկոտ են դարձել։ Բայց Պերճուհին ու Ալիսը՝ մյուս շահառուն, այդպիսինը չեն։

Ալիս

Դեռ Ալիսին չբարեւած՝ Սվետան գործի է անցնում։
- Էսօր գլուխդ լվանանք։ Էսօր օ՞րն ա, չէ՞։ Լա՞վ ես զգում քեզ։
- Հա, բա, պիտի՞ չլվանայիր։
- Հա, պիտի լվանանք, սրբիչդ ու՞ր է։
- Էստեղ է։
- Դե արի բրդից շորդ հանենք, որ չթրջվի։
92-ամյա Ալիսն ընտանիքի հետ Հայաստան է եկել 1947 թվականին, Հունաստանի մայրաքաղաք Աթենքից` 16 տարեկանում։ Պետության տրամադրած փոքր գումարով հայրը տուն է կառուցել Երեւանի Կիլիկա թաղամասում, այնտեղ էր բնակվում մինչ վերջերս, հիմա տեղափոխվել է քրոջ տղայի՝ Գեւորգի մոտ․ «Գեւորգը դաշնամուրը կնվագի, ես էլ կերգեմ»։
Ալիսը երգել շատ է սիրում, երգում է նաեւ հունարեն լեզվով, իր բոլոր պատմությունները երգելու հետ են կապված։ Տան հին գրքերից մեկում մի եկեղեցի է ցույց տալիս, ասում է՝ Աթենքի Սուրբ Կարապետ եկեղեցին է ու հպարտորեն հավելում․

«Սա Հունաստանի եկեղեցին է, Վազգեն Առաջինն այստեղ օծված է, ես ալ՝ այստեղ երգած եմ։ Փոքր էի, բայց երգում էի»։
«Հոգնած կըլլա մեկ-մեկ Սվետը, որ կգա, հեշտ չէ, բայց շատ լավ կնայի ինձ,
հոգատար է, բարի, լողացնում է»,- իր խնամողի մասին մեծ սիրով է խոսում Ալիսը։
«Շաբաթը մի անգամ գալիս եմ, լողացնում եմ, եղունգները կտրում, հագուստն ինքը լվանում է, ես փռում եմ։ Հիմա որ ցրտեր են, միայն գլուխն եմ լվանում։ Կիլիկիա թաղամասի իր տանն ամեն ինչ անում էի՝ պատուհանները լվանում, տները մաքրում, մենակ էր ապրում էնտեղ, հիմա քրոջ տղայի հետ է ապրում»,- Ալիսի ու իր փոխհարաբերություններն է ներկայացնում Սվետան։





«Ես շատ սիրում եմ երգել՝ փոքր տարիքից։ Հայրս միշդ ասում էր՝ շանթոս պիդի լինի աս աղջիկը, շանսոնյե կուզեր ըսել։ Նա կոշիկի խանութ ուներ, կոշկակար էր»։

Ալիսն ու Սվետն իրար հետ սուրճ են խմում ու հաճախ երգում միասին։

«Փոխվել եմ, առաջվան Ալիսն ու՜ր ա․․․ Ընենց աշխուժ էի, ընենց մի ուրիշ ձեւ էի, հիմա շշմել եմ արդեն։ Բայց երգելս էդպես չի, երգելիս չես ասի, որ էս տարիքիս եմ»,- ասում է Ալիսն ու սկսում երգը։



Սվետլանա

Ալիսի տանից Սվետան գնում է իր ամենաերիտասարդ շահառուներից մեկի՝ 72 տարեկան Սվետլանայի տուն, որը երկու տարի առաջ է ընդգրկվել ծրագրում ու արդեն հասցրել է մտերմանալ իրեն խնամող-օգնողի հետ։

Սվետլանան 40 տարի Պետական մանկավարժական համալսարանում է աշխատել, մանկավարժության ամբիոնում կաբինետի վարիչ է եղել․

«8 տարի առաջ թոշակի ուղարկեցին, ես չեմ դուրս էկել, իրենք ինձ դուրս հանեցին։ Ինչ դուրս հանեցին, ես հիվանդացա»։


Աշխատելու տարիներից բարձր ճնշում է ունեցել, շաքարային դիաբետ ունի, կաթված է տարել, ինչի պատճառով դժվար է տեղաշարժվում. «Վախենում եմ, ոտքերս թուլանում են, միանգամից ընկնում եմ․․․ Վախը, գիտե՞ք, ինչ բան է...»
Հարազատներն ու ընկերները նրան մենակ չեն թողնում, բայց պետության աջակցությամբ իրականացվող «Տնային խնամքը» Սվետլանայի համար շատ կարեւոր է՝ իրեն ոչ միայն Սվետան է օգնում, այլ բուժույքրը, բժիշկը, որոնց ծառայություններն անհրաժեշտության դեպքում ծրագրի մասն են դառնում։
«Շատ գոհ եմ բոլորից՝ եւ՛ բուժքույրը, եւ՛ բժիշկը, եւ՛ Սվետաս, ինչ ասեմ, օգնում են»։
Սվետան արագ խորհրդակցում է շահառուի հետ ու սկսում ճաշ եփել՝ ընթացքում անընդհատ խոսելով հետը։ Ամեն մեկն իր լսածն է պատմում, բակի խոսակցություններ, թանկ ու էժան, երբեմն՝ քաղաքականություն։

«Սովորական մանկություն եմ ունեցել, անխելք երեխա ենք էլի եղել։ Մենակ հիշում եմ, որ Ստալինը մեռավ, լացում էի, երեւի պապաս սիրում էր, դրա համար։ Իմ անունն էլ նրա աղջկա անունն էր դրել, թե էդ Ստալինը ի՞նչ սիրելու բան էր, որ սիրում էր»,- անկեղծ ծիծաղելով ասում է Սվետլանան։

Աշխատանքային օրն ի վերջո ավարտվում է։ Սվետան դուրս է գալիս շահառուի տանից, բայց նա չի հեռանում. նրան ամեն օր սպասում են...
Լրագրող՝ Սառա Խոջոյան
Ֆոտոլրագրող՝ Վաղինակ Ղազարյան
Made on
Tilda