ՄԵՆԱԿ
Տարեցի ամենամեծ վախը
78-ամյա Անահիտ Թորոսյանը Երեւանի Նոր Նորք համայնքի իր մեկ սենյականոց բնակարանում մենակ է ապրում։

Նրա խիստ կանոնակարգված օրը սկսվում է առավոտյան 6-ին։

Հայաստանում կա 420 հազար կենսաթոշակառու,
10%-ը կամ շուրջ 40 հազարը՝ միայնակ։
Նվազագույն կենսաթոշակը 26․500,
միջինը՝ շուրջ 40․000 դրամ է։


Հանրապետությունում գործում է 27 ճաշարան եւ ցերեկային կենտրոն, 21-ը՝ պետական համաֆինանսավորմամբ, մյուսները՝ միջազգային կամ բարեգործական տարբեր կառույցների միջոցներով։ 2000 տարեց այցելում եւ սնվում է այդ կենտրոններում։
Ունեցածի համար Աստծուց գոհ է, իսկ իրականությունն այն է, որ «մի կերպ է գոյատեւում»։ Ասում է՝ քիչ թե շատ նորմալ ապրելու համար ամսական 100 հազար դրամ է պետք, հաշվել է։ Ստացած թոշակը հիմա հազիվ դեղերին է հերիքում։

«Ինչի՞ պիտի թոշակառուն դեղերին էդքան փող տա, դեղերը պիտի անվճար լինեն»,- դեղերի հետ ու կյանքի համար կռիվ է տալիս Անահիտը։

Աղոթքից հետո չափում է ճնշումը, խմում օրվա համար նախատեսված դեղերը։ Հետեւում է նաեւ սննդին․ամռանը նախաճաշին խորոված բանջարեղեն է ուտում, ձմռանը, սովորաբար, մի ձու։

Հետո պատրաստվում է տանից դուրս գալուն, մինչ բարեգործական ճաշարան հասնելը կարեւոր գործ ունի։ Հանրային բացօթյա մարզասարքերի պուրակում ամեն օր 30 րոպե պարտադիր մարզվում է։
Ամուսնուն Անահիտը կորցրել է 5 տարի առաջ, միայնակ մնալով՝ ի վերջո լսել է ծանոթների խորհուրդներն ու դարձել բարեգործական ճաշարանի շահառու։

Նրան, ինչպես ոմանց, ընդառաջում են, թողնում, որ սնունդը տուն բերի, Անահիտն էլ այն, ինչ նախատեսված է մեկ անգամ ուտելու համար, բաժանում է երկու մասի՝ ճաշ եւ ընթրիք։

«Սկզբում ամաչում էի, թեկուզ, հիմա էլ եմ ամաչում, էնքա՜ն եմ ամաչում, բայց ստիպված եմ գալիս, մենակ դեղորայքին է հերիքում փողը, էլ ուտելիքի փող չի մնում»,- ասում է նա, ու դողացող ձայնը խլանում է աչքերը կարմրացնող արցունքներից։

«Բայց ուտելիքը շատ լավն է, տնականի նման, համով։ Դեռ երեկվանից գրեչկա ունեմ, գիտեն, որ մենակ եմ, շատ են լցնում, բայց դա գաղտնիք ա»։
Գյումրեցի Անահիտը Երեւան է եկել 16 տարեկանում․ամուսինը «փախցրել է»։
Տղայի ծնվելուց հետո հանգամանքները, սակայն, այնպես են դասավորվել, որ որոշել
է բաժանվել։ Տղային միայնակ է մեծացրել, դժվարությամբ, բայց դաժանորեն կորցրել նրան՝ 17 տարեկանում։

«Բաժանվեցի, բայց չգնացի Գյումրի՝ երկու եղբայր ու երկու քույր ունեի, նրանց համար ամոթ կլիներ։ Սկզբում վարձով էի ապրում, հետո մի լավ ընկերուհի ունեի՝ նրա մոտ։ Աշխատեցի, ցերեկը՝ գանձապահ, գիշերը՝ պահակ։ Տուն առա։ Էրեխուս
մի աղջկա պատճառով սպանեցին․․․»

10 տարի անց նորից է ամուսնացել, ամուսնու երեխաները հարգում են, հրավիրում միջոցառումներին, «նստացնում ամենապատվավոր տեղը»։

Բայց չի ուզում նրանց նեղություն տալ, չի էլ ասել, որ ճաշարան է գնում։ Գյումրիում ապրող քույրերին էլ չի ասում ճաշարանի մասին։
Ճաշարանից տուն վերադառնալիս Անահիտը, որպես կանոն, գնում է սուպերմարկետ՝ էժանացրած միրգ-բանջարեղեն գնելու։

«Խնձորները էդտեղից եմ առել, 150 դրամ, շատ լավն են, մի քիչ էլ վնասված կլինի, ի՞նչ անենք։ Խնձորը սրտի դեղ ա․․․»

«Հագուստ չեմ առնում, հին շորերով կարող եմ հանգիստ ապրել, բայց ներքնազգեստ, գուլպա պիտի շուտ-շուտ առնեմ։ Քիչ կուտեմ, քիչ կխմեմ, միայն զգամ, որ կյանքը հետագայում լավ է լինելու»։

Ճաշից հետո տանը չի նստում՝ գնում է զբոսնելու, քայլում է, կանգնում, խոսում ծանոթների հետ, թոշակի օրերին զբաղմունքն ավելանում է՝ կոմունալները պիտի վճարի, մինչեւ երեկո իրեն զբաղեցնում է։
«Բա ի՞նչ անեմ, չաղացել եմ, սրտին վատ ա, դրա համար շատ եմ քայլում, մարզանք եմ անում, որ առողջ լինեմ»։ Կարեւորը անկողին չընկնի։

«Առողջ լինեմ, մահանալուց՝ ոտքի վրա մահանամ»։

Երեկոյան գալիս է տուն, ընթրում, կյանքի մի օր էլ թերթում։
Հայաստանում 420 հազար կենսաթոշակառու կա, նրանց 10 տոկոսը, կամ, մոտավորապես, 40 հազար մարդ միայնակ է։

Պետությունը ծառայություններ է մատուցում 6300 միայնակ տարեցի ու հաշմանդամություն ունեցող անձանց։

Հանրապետությունում գործում է 27 ճաշարան, 20-ը՝ պետական համաֆինանսավորմամբ, մյուսները՝ միջազգային կամ բարեգործական տարբեր կառույցների աջակցությամբ/միջոցներով։

Պետության համաֆինանսավորմամբ գործող Առաքելություն Հայաստան կազմակերպության ճաշարաններից օգտվում է 1200 տարեց։ Հայ օգնության ֆոնդի, Հայկական Կարմիր խաչի եւ Հուսո տան ճաշարաններից օգտվում է ավելի քան 800 տարեց։

Հայաստանում նվազագույնը կենսաթոշակը 26500 դրամ է, միջինը՝ մոտ 40000 դրամ։
Լրագրող՝ Սառա Խոջոյան
Ֆոտոլրագրող՝ Կարապետ Սահակյան
Օպերատոր՝ Արմեն Շահոյան
Մոնտաժը՝ Լիլիթ Հովհաննիսյանի
Made on
Tilda